Պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, ասվել է ԿԳ նախարարությունում կայացած Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի /ԴՇՀ/ հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստում ներկայացվել է ԴՇՀ-ի 2011թ. գործունեության եւ տարեկան ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը եւ 2012թ.աշխատանքային ծրագիրը: «Նախարարությունը ստանում է ահազանգեր այն մասին, որ առանձին դեպքերում դասագրքերի վարձավճարի զեղչերից առավել կարիքավորները չեն կարողանում օգտվել: Սա ես համարում եմ անթույլատրելի»,- շեշտել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու հավելել, որ խիստ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ դպրոցներից եւ մարզպետարաններից ներկայացվող հաշվետվություննեի նկատմամբ: Արմեն Աշոտյանը, կարեւորելով հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազումը եւ գնաճի ճնշումը նպաստում են դասագրքերի թանկացմանը եւ հավելյալ ֆինանսական բեռ են դառնում ծնողների համար: Ա. Աշոտյանի խոսքով՝ նախարարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառի դասագրքերի շուկայում կառավարելի գնային քաղաքականություն վարելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի եւ կհրատարակվեն միայն նախորդ տարիների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 11 անուն դասագրքերը:

Ի դեպ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ավագ դպրոցի դասագրքերը կվերահրատարակվեն Հայ Առաքելական Եկեղեցու, իսկ միջին դպրոցինը՝ ԴՇՀ կողմից: Նախարարը հանձնարարել է նախապես «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի ծրագրերը համաձայնեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Հանձնարարվել է մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություններից ստացված հայտերի հիման վրա փոքր քանակությամբ վերահրատարակել նաեւ այն դասագրքերը, որոնց գործածության ժամկետը սպառվել է եւ դրանք մաշվածության պատճառով գործածելի չեն: