ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ այսօր` փետրվարի 17-ին, անցկացված քննարկման կիզակետում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծն է եղել:

Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպմանը ներկա էին ոլորտում ներգրավված պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների մոտ 40 ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լրամշակելու է ընտանեկան բռնության վերաբերյան օրենքի նախագիծը` այն համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:

«Փորձագետների կարծիքների եւ փորձի փոխանակումը վերանայման գործընթացի անհրաժեշտ մաս է կազմում», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը:

«Գենդերային բռնության տարբեր ձեւերի դեմ արդյունավետ պայքարը հեշտ նախաձեռնություն չէ որեւէ երկրի կամ հասարակության համար: Շատ կարեւոր են համատեղ ջանքերն ու համագործակցությունը շահագրգիռ կողմերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ»,-ասել է նա:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները եւս ներկայացվել են քննարկման մասնակիցներին: Հետազոտությունը պատրաստվել է «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտությունը գնահատել է ընտանեկան բռնության տարածվածությունը, հայտնաբերել օրինաչափությունները եւ բացահայտել ոստիկանության աշխատանքի հասարակական ընկալումը: