ԱՄՆ պետդեպարտամենտում Մերձավոր Արեւելքի մասնագետների պակասի մասին հաղորդագրությունները, որոնք պայմանավորված են զանգվածային կրճատումներով, չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացրել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Փիգոտը։

«Այս սյուժեն իրականության հետ որեւէ կապ չունի, բայց իրական փաստերը ոչ մեկին չեն կանգնեցրել։ Մենք [լրատվամիջոցներին] տրամադրել ենք մանրամասն պատասխաններ, բայց փոխարենը նրանք հիմնվել են անանուն կամ երրորդ կողմի աղբյուրների անորոշ եւ ոչ ճիշտ քննադատության վրա»,- գրել է Փիգոտը X-ում։

Հասարակայնության հետ գլոբալ կապերի գծով պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը X-ում նշել է, որ Իրանի կամ Մերձավոր Արեւելքի այլ կարեւոր երկրների մասին տեղեկատվություն տարածող մասնագետներից ոչ մեկը չի տուժել պետդեպարտամենտի աշխատակազմի կրճատումից։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ պետդեպարտամենտի 2025թ․ աշխատակազմի կրճատման պատճառով գործակալությունը բախվել է Մերձավոր Արեւելքի մասնագետների զգալի պակասի, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում երկրի արտաքին քաղաքականության իրականացման վրա: Գործակալությունը նաեւ նշել է, որ այդ կրճատումները կարող էին խաթարել գործակալության կողմից Իրանի դեմ գործողության պլանավորումը: Associated Press-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի 2025թ․ հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի քան 3,8 հազար աշխատակից ազատվել է աշխատանքից: