Թրեյդերները մոտ 580 միլիոն դոլարի նավթային ֆյուչերսային գործարքներ են իրականացրել Իրանի հետ արդյունավետ բանակցությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումից ընդամենը 15 րոպե առաջ, ինչը շուկաներում կտրուկ տատանումների պատճառ է դարձել։ Այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։
Ինչպես նշում է թերթը, կնքվել է Brent և West Texas Intermediate տեսակի նավթի մոտ 6,2 հազար պայմանագիր։ Թրամփի հրապարակումից հետո նավթի գները նվազել են, իսկ S&P 500 ինդեքսի ֆյուչերսներն աճ են գրանցել։
Երկուշաբթի օրը Ամերիկայի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների դադարեցման շուրջ։ Նա նաև հայտնել է, որ հրահանգել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հասցվող հարվածները։ Ամերիկայի առաջնորդը լրագրողներին հայտարարել է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը համաձայնության հասնելու ցանկություն են ցուցաբերում, և կողմերն ունեն «շփման խոշոր կետեր»։
Միևնույն ժամանակ, իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարել և չի վարում։ Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ նախագահը հրաժարվել է իրանական ենթակառուցվածքներին հարվածելուց, քանի որ «Իրանի կողմից հնչող ռազմական սպառնալիքներն ավելի համոզիչ են դարձել»։




























