Չորեքշաբթի օրը նավթի գները նվազել են ավելի քան 4%-ով, իսկ ասիական բաժնետոմսերն աճել են՝ պատերազմի դեէսկալացիայի հեռանկարների և Միացյալ Նահանգների ու Իրանի միջև բանակցությունների ֆոնին, հայտնում է Associated Press-ը:
Տոկիոյի Nikkei 225-ն աճել է 3%-ով՝ հասնելով 53 806,15-ի: Հարավկորեական Kospi-ն աճել է 1,6%-ով՝ հասնելով 5 643,09-ի: Հոնկոնգյան Hang Seng-ն աճել է 0,7%-ով՝ հասնելով 25 227,73-ի, մինչդեռ Shanghai Composite ինդեքսն աճել է 1,1%-ով՝ հասնելով 3 925,27-ի:
Հոնկոնգում ցուցակված տիկնիկներ արտադրող Pop Mart ընկերության բաժնետոմսերն ընկել են ավելի քան 15%-ով, այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է անցյալ տարվա տարեկան հասույթի մասին, որը մեծ մասամբ համապատասխանում էր վերլուծաբանների կանխատեսումներին: Ավստրալիական S&P/ASX 200-ը բարձրացել է 1,9%-ով, իսկ թայվանական Taiex-ը՝ 2,5%-ով:
Թրամփի հայտարարություններն այս շաբաթ Իրանի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին և նրա կողմից երկուշաբթի օրը տեղափոխված վերջնաժամկետը՝ ուղղված իրանական էլեկտրակայանների «ոչնչացմանը» (ինչը պայմանավորված էր Հորմուզի նեղուցի բացմամբ), նույնպես լավատեսություն են ներշնչել, որ Իրանի հետ պատերազմը կարող է շուտով ավարտվել, գրում է AP-ն:
Քանի որ Հորմուզի նեղուցը հում նավթի և հեղուկացված բնական գազի տեղափոխման հիմնական ջրային ուղին է, վերջին օրերին նավթի և գազի գները կտրուկ աճել ու տատանվել են։ Սակայն դեէսկալացիայի հանդեպ աճող հույսերի ֆոնին նավթի գները կրկին նվազել են։
Միջազգային ստանդարտ համարվող Brent մակնիշի նավթի գինն ընկել է 4,2%-ով՝ հասնելով բարելի դիմաց 96,07 դոլարի (երեքշաբթի այն արժեր մոտ 104 դոլար)։ Չորեքշաբթի առավոտյան ամերիկյան էտալոնային նավթի գինը նույնպես նվազել է 3,8%-ով՝ կազմելով 88,89 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Չորեքշաբթի ամերիկյան ապրանքային ֆյուչերսներն աճել են ավելի քան 0,7%-ով։ Երեքշաբթի ԱՄՆ ֆոնդային ինդեքսներն առևտրային շրջանը փակել էին անկմամբ. S&P 500-ը կորցրել էր 0,4% (6,556.37), Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել էր 0,2%-ով (46,124.06), իսկ Nasdaq composite-ը՝ 0,8%-ով (21,761.89)։ Estee Lauder-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 9%-ով այն բանից հետո, երբ հաստատվեց, որ ամերիկյան բորսայում ներկայացված ընկերությունը բանակցություններ է վարում իսպանական կոսմետիկայի և օծանելիքի «Puig» խմբի հետ միավորվելու շուրջ։
Չորեքշաբթի առավոտյան այլ սակարկությունների ընթացքում ոսկու գներն անկումից հետո կրկին սկսել են աճել։ Սա մասամբ պայմանավորված էր ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճով՝ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազեցման սպասումների թուլացման ֆոնին (ինչի պատճառը նավթի գների կտրուկ աճն էր, որը սպառնում էր համաշխարհային գնաճ առաջացնել)։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ոսկու գինն աճել է 3,6%-ով՝ մեկ ունցիայի համար կազմելով 4,557.30 դոլար (ամսվա սկզբին այն գերազանցում էր 5,000 դոլարը)։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 158,98 ճապոնական իեն՝ բարձրանալով 158,69-ից, իսկ եվրոն վաճառվել է 1,1591 դոլարով՝ նախկին 1,1608 դոլարի փոխարեն։




























