ԱՄՆ Մինեսոտա նահանգի նախկին նահանգապետ, բազմաթիվ զինվորական պարգևների արժանացած նախկին «ծովային կատու» Ջեսի Վենտուրան ԱՄՆ նախագահի կրտսեր որդուն՝ Բերոն Թրամփին, կոչ է արել համալրել բանակի շարքերը, գրում է Daily Beast-ը։

Վենտուրայի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ հազարավոր զայրացած ամերիկացիներ X սոցիալական ցանցում գործարկել են #SendBarron հեշթեգը, որն արագորեն վիրուսային է դարձել։

«Արա այն, ինչն անելու համար չհերիքեց հորդ հայրենասիրությունը», — երեքշաբթի օրը «Piers Morgan Uncensored» ծրագրի եթերում ասել է 74-ամյա Վենտուրան։

Վենտուրան, ով Վիետնամի պատերազմի ժամանակ ծառայել է «ծովային կատուների» էլիտար ստորաբաժանումում, քննադատել է Իրանի դեմ երեք շաբաթ տևող պատերազմը, որի հետևանքով զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, վիրավորվել են հարյուրավորները։

«Ինչպե՞ս կարող եք օտար մարդկանց երեխաներին պատերազմ ուղարկել, եթե չեք ցանկանում ուղարկել ձեր սեփական երեխաներին։ Առաջնորդի համար մի պարզ կանոն կա, և դուք դա գիտեք, քանի որ ծառայել եք բանակում (Թրամփը չէր կարող դա իմանալ, որովհետև նա խուսափում է զինվորական ծառայությունից, նա վախկոտություն է դրսևորել)․ պատերազմն արդարացված է միայն այն դեպքում, եթե դուք պատրաստ եք այնտեղ ուղարկել ձեր երեխաներին»։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, 79-ամյա Թրամփը երբեք չի ծառայել բանակում և փաստացի հինգ անգամ խուսափել է զորակոչից, վերջին անգամը տեղի է ունեցել «ոսկրային փուշ» (ոսկրային գերաճ) ախտորոշման պատճառով։

20-ամյա Բերոնն ապրում է Սպիտակ տանը՝ միաժամանակ հաճախելով Վաշինգտոնում Նյու Յորքի համալսարանի մասնաճյուղ։ Նա կարող էր զորակոչային տարիքի լինել, եթե զորակոչը հաստատվեր իր հոր և Կոնգրեսի կողմից։ Մինչդեռ Վենտուրան 1969 թվականին՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, կամավոր զինվորագրվել է բանակում և իր ծառայության համար պարգևատրվել է Վիետնամում ծառայության մեդալով, Ռազմածովային նավատորմի արշավախմբային մեդալով և Վիետնամի Հանրապետության մեդալով։

Նա ասել է, թե «հորդորում է» Բերոնին խախտել ընտանեկան ավանդույթը և ծառայել զինված ուժերում։

«Ես ուզում եմ Թրամփին տեսնել բանակում։ Ի վերջո, նա ունեցել է երեք կին, յուրաքանչյուրից ունեցել է երեխաներ, և նրանցից ոչ ոք երբևէ չի ծառայել բանակում», — ասել է Վենտուրան։ — «Դե ինչ, Բերո՛ն, դու կարող ես փոխել դա։ Հենց հիմա զինվորագրվիր Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերում, արա այն, ինչն անելու համար հորդ քաջությունը չհերիքեց, արա այն, ինչի համար հորդ հայրենասիրությունը չբավարարեց»։

Վենտուրան նաև պատմել է, թե լսել է այն արդարացումը, որ Բերոնը՝ իր 6 ֆուտ 9 դյույմ (մոտ 206 սմ) հասակով, չափազանց բարձրահասակ է ծառայության համար։

Նախագահի երեխաներից և ոչ մեկը՝ Դոն կրտսերը, Էրիկը, Իվանկան, Թիֆանին և Բերոնը, չեն ծառայել բանակում, ինչպես որ չի ծառայել նրանց պապը՝ Ֆրեդ Թրամփը։ Թրամփի հայրական պապը՝ Ֆրեդերիկ Թրամփը (ի ծնե՝ Ֆրիդրիխ Թրամփ), ԱՄՆ գաղթելիս խուսափել է Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ավելի ուշ նա զրկվել էր գերմանական քաղաքացիությունից այն բանից հետո, երբ իշխանությունները պարզել էին, որ նա խուսափել է զորակոչից։