Երեկ երեկոյան Թեհրանը միջնորդների միջոցով պաշտոնապես պատասխանել է ԱՄՆ-ի ներկայացրած 15 կետից բաղկացած առաջարկին և այժմ սպասում է արձագանքի։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Իրանն իր պատասխանում հայտարարել է, որ թշնամական ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները պետք է դադարեցվեն, և պետք է ստեղծվեն օբյեկտիվ պայմաններ՝ պատերազմի կրկնությունը բացառելու համար։ Բացի այդ, պետք է երաշխավորվեն և հստակ սահմանվեն փոխհատուցումն ու ռազմական վնասների վերականգնումը։ Պահանջվում է նաև դադարեցնել բոլոր ճակատներում մղվող պատերազմները՝ ներառյալ պայքարումը մասնակցող տարածաշրջանային դիմադրության խմբերի բոլոր հարձակումները։
Թեհրանում ընդգծել են, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխանությունը՝ Իրանի բնական ու օրինական իրավունքն է և այդպիսին էլ կմնա, իսկ մյուս կողմի պարտավորությունների կատարումը պետք է լինի երաշխավորված ու ճանաչված։ Իրանի այս պայմանները տարբերվում են այն պահանջներից, որոնք ներկայացվել էին հակառակ կողմին Ժնևի բանակցությունների երկրորդ փուլում (Էսֆանդ ամսին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից մի քանի օր առաջ)։
«Իրանի համար պարզ է, որ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը լոկ «երրորդ խաբկանքի» նախագիծ է, և ամերիկացիները բանակցությունների մասին հայտարարությունների քողի տակ հետապնդում են մի քանի նպատակ. նախ՝ խաբել աշխարհին՝ ստեղծելով խաղաղության ձգտելու և պատերազմը դադարեցնելու պատրանք, երկրորդ՝ պահպանել նավթի համաշխարհային ցածր գները, և երրորդ՝ ժամանակ շահել Իրանի հարավում ցամաքային ներխուժման միջոցով նոր ագրեսիվ գործողություններ նախապատրաստելու համար։
Եթե մինչև 12-օրյա պատերազմն Իրանը կասկածներ ուներ բանակցությունների ելքի և համաձայնագրերի նկատմամբ ԱՄՆ-ի հավատարմության հարցում, ապա 12-օրյա պատերազմից հետո Իրանի մոտ լուրջ կասկածներ են առաջացել ԱՄՆ-ի կողմից ցանկացած պահին բանակցելու իրական պատրաստակամության վերաբերյալ։ Ամերիկացիները պատերազմ սկսեցին հենց բանակցությունների ժամանակ՝ ինչպես 12-օրյա պատերազմի, այնպես էլ Ռամադանի ընթացքում, և այս անգամ բանակցությունների կեղծ պատրվակով ամերիկացիները փորձում են հող նախապատրաստել նոր հանցագործության համար»,— իրազեկ աղբյուրի խոսքերն է մեջբերում իրանական լրատվամիջոցը։





























