Լիբանանը մեղադրել է Իսրայելին միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմնարար սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ։

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստագրում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում։ Իմ կարծիքով՝ կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնեւի կոնվենցիաները՝ սկսած միջազգային մարդասիրական իրավունքի երկու հիմնարար սկզբունքներից՝ կոմբատանտների եւ քաղաքացիական բնակչության տարբերակման եւ չափակցման սկզբունքներից։ Իսրայելը չի ​​պահպանում ՄՄԻ-ի այս սկզբունքներից ոչ մեկը»,- Sky News հեռուստաալիքի եթերում ասել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միթրին։

Միթրին ամենատագնապալի պահերից մեկն անվանել է Իսրայելի ֆինանսների նախարար, ուլտրաաջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչի սպառնալիքներն այն մասին, որ Լիբանանի մայրաքաղաքի Դահիյա արվարձանը, որտեղ գործում է շիական «Հեզբոլլահ» շարժումը, շուտով կարժանանա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի ճակատագրին։ Այն ավերակների էր վերածվել Իսրայելի երկարատեւ ռմբակոծություններից հետո։ «Նա դա հայտարարել է բարձրաձայն եւ հստակ»,- ասել է Լիբանանի փոխվարչապետը։

Լիբանանի կառավարության արտակարգ իրավիճակների շտաբի տվյալներով՝ ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1 116-ի, վիրավորվել է 3 229-ը։ «Իսրայելի գրոհների զոհերի թվում կան 120 երեխա եւ 81 կին»,- մարտի 26-ին հաղորդել է շտաբը։ Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պատերազմական գոտուց 1 049 328 մարդ փախել է Բեյրութ եւ երկրի հյուսիս։