Երեւանի Վարդանանց-2 հասցեում գտնվող շենքի բակում վտանգավոր իրավիճակ է. շենքի տանիքից կախված են 2 մետր երկարությամբ սառույցի կտորներ, որոնք արդեն սկսել են ընկնել: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած  այդ շենքի բնակիչ` Դավիթ Արազյանը: Նրա փոխանցմամբ` քաղաքացիներն առանց վերեւ նայելու քայլում են մայթով եւ չեն էլ պատկերացնում, թե ինչ է իրենց գլխավերեւում կախված:

«Զանգել եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն, քաղաքապետարանի եւ թաղապետարանի համապատասխան բաժիններ, համատիրություն, բայց բոլորը մեկը մյուսի վրա գցելով ասում են` սա մեր գործը չի, մյուսը պետք է անի: Իրականում ոչ մեկն էլ տեղից չշարժվեց եւ ես հիմա ստիպված աշտարակաձեւ մեքենա եմ պատվիրել, որպեսզի բարձրանամ եւ սառույցները քանդեմ: Էս երկրում ուրիշ տարբերակ չկա, ամեն քաղաքացի ինքը պետք է մտածի իր մասին, իր գլխի ճարը տեսնի»,- ասաց բնակիչը:

Նա նշեց, որ ԱԻՆ-ից իրեն ասել են, որ «զոհեր չկան, վնասվածներ չկան, մենք գանք ի՞նչ անենք», քաղաքացին էլ հակադարձել է, թե «Պարտադիր է մարդ վնասվի, որ գաք փրկե՞ք»:

«Կենտրոն» համատիրության նախագահ Կարեն Առաքելյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ահազանգը ստացել է, աշտարակը ուղարկել են, որ վերացնի վտանգավոր իրավիճակը: «Իրենք իրենց միջոցներով չեն կանչել, եթե կանչող լինեին, ձեզ չէին զանգահարի, բնակիչն իր միջոցներով ալարում է «պոլի փեդով» իր պատուհանից սառույցները կոտրի»,- ասաց նա:
Նորից զանգահարեցինք քաղաքացուն, սակայն նա մեկ անգամ եւս պնդեց, որ իրենց միջոցներով տեխնիկա են կանչել եւ քանդել սառույցները, իսկ պատկան մարմինները ոչինչ չեն արել: