Բրիտանացի պետական ծառայողները պահանջել են թույլ տալ իրենց աշխատել տնից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմով պայմանավորված կյանքի թանկացման ֆոնին: Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ հղում անելով Պետական և առևտրային ծառայությունների արհմիությանը (PCS), որը միավորում է շուրջ 200 հազար պետծառայողների և պետական պայմանագրերով աշխատող մասնավոր ընկերությունների անձնակազմին:
Այն պահանջում է չեղարկել այն կանոնը, ըստ որի՝ աշխատակիցները պետք է գրասենյակից աշխատեն շաբաթական առնվազն երեք անգամ։ Ինչպես նշված է արհմիության հայտարարության մեջ, Մերձավոր Արևելքում հակամարտությունը «ծախսերի ավելացման է հանգեցնում այն աշխատողների համար, ովքեր առանց այդ էլ դժվարությամբ են «ծայրը ծայրին հասցնում»»։
PCS-ը նաև մատնանշում է, որ Իրանում պատերազմն արդեն իսկ հանգեցրել է ավտոմոբիլային վառելիքի գնաճի, իսկ էլեկտրաէներգիայի վճարները, ըստ կանխատեսումների, կաճեն 20%-ով։ Սպասվում է նաև սննդամթերքի թանկացում և վարկերի տոկոսադրույքների բարձրացում։
Պարբերականի տեղեկություններով՝ իշխող Լեյբորիստական կուսակցությունը հակված չէ փոխել կանոնները և վերադառնալ համավարակի ժամանակ լայն տարածում գտած հեռավար աշխատանքի պրակտիկային։



























