Ամերիկյան Northrop Grumman MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել Սիցիլիայի Սիգոնելլա իտալական ռազմական բազայից՝ Իրանի ափերի մոտ առաքելություն իրականացնելու համար, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի օդային երթևեկության կառավարման շրջանակների աղբյուրին։

«Հետախուզական անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել Սիգոնելլա ռազմական բազայից և մի քանի շրջան է կատարել Պարսից ծոցի չեզոք ջրերի վրայով՝ Իրանի օդային տարածքին մոտ»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Անօդաչու թռչող սարքը, որի թռիչքներն ավելի վաղ գրանցվել են այս տարածքում, ներառյալ՝ Բուշեր քաղաքի անմիջական մոտակայքում, մի քանի ժամ է, ինչ գտնվում է օդում և թռչում է 14,5 կմ-ից բարձր բարձրության վրա։

Գործակալության աղբյուրը հիշեցրել է, որ Northrop Grumman MQ-4C Triton անօդաչու թռչող սարքերը կարող են իրական ժամանակում հետախուզություն և հսկողություն իրականացնել ծովի և ցամաքի մեծ տարածքներում, ինչպես նաև լրացնել Boeing P-8 Poseidon հակասուզանավային ինքնաթիռների հնարավորությունները։

Ավելի վաղ Corriere della Sera պարբերականը հայտնել էր, որ Իտալիան մերժել է Միացյալ Նահանգներին մուտք գործել իր Սիգոնելլա ռազմաբազա: Այնուհետև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել էր, որ Հռոմի և Վաշինգտոնի միջև լարվածություն չկա լրատվամիջոցների այն հաղորդագրությունների պատճառով, ըստ որոնց Մերձավոր Արևելքի պատերազմական գոտի ուղևորվող ամերիկյան ռմբակոծիչներին արգելվել է մուտք գործել Սիցիլիա կղզում տեղակայված բազա: