Այս տարի փոտրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը. այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ:
Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 14-ին եւ կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրր բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն` բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը, սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաեւ բուսական ծագման` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից եւ անգամ ջրից:




























