ԵՊՀ-ում, փետրվարի 21-ին տեղի կունենա «Հեռուստատեսությունը եւ հասարակությունը» խորագրով գիտաժողովը:
Մայրենի լեզվի օրվան նվիրված գիտաժողովին հնչելու է ութ ելույթ: «Մայրենիի պահպանման եւ մատուցման առանձնահատկությունները ՀՀ հեռուստառադիոեթերում» թեմայով զեկույց կներկայացնի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, իսկ «Հայկական հեռուստատեսության լեզուն եւ ոճը» թեմայով զեկուցում կկարդա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ռուբեն Սաքապետոյանը:
Զեկուցումներ կներկայացվեն նաեւ «Սփյուռքում հեռարձակվող հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը», «Մեկնաբանի կերպարը եթերում», «Հեռուստաեթերի ազդեցությունը դեռահասի արժեհամակարգի ձեւավորման վրա» թեմաներով:
Կքննարկվեն նաեւ էկրանից քարոզվող արժեքների, հայկական հեռուստասերիալների որոշ դրսեւորումներ, ինչպես նաեւ մեդիակրթության եւ հեռուստաեթերի արդի խնդիրներին առնչվող թեմաներ:
Գիտաժողովին ներկա կլինեն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:




























