Երեւանում, այսօր` փետրվարի 20-ին, կայացել է «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը 2010-2011 թթ. դեպքեր եւ վերլուծություններ» երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն, գրքի շնորհանդեսը: Այն հրատարկել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Այս հրատարակությունը 2008-2009 թթ. լույս ընծայված նույնանուն գրքի շարունակությունն է եւ ներկայացնում է Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության վիճակը 2010-2011 թթ.: Երկամյա մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են մամուլի զարգացման հիմնական խոչընդոտները, այն է՝ ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ եւ ֆինանսական ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ՝ զրպարտության եւ վիրավորանքի համար ներկայացվող դատական հայցերի միջոցով:

Գրքի առաջին բաժինը՝ «Լրագրողները եւ լրատվամիջոցները դատարանում», ընդգրկում է հոդվածներ 2010-2011 թթ. դատավարությունների մասին, որոնցում լրագրողները հանդես են գալիս պատասխանողի կամ հայցվորի դերում: Նրանց նկատմամբ հիմնական մեղադրանքներն են` զրպարտություն, վիրավորանք, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի արատավորում: Հայցերը հիմնականում ներկայացրել են հանրային անձինք: Անցած երկու տարիներին ՀՀ դատարանները լրագրողների մասնակցությամբ զրպարտության եւ վիրավորանքի երեք տասնյակից ավելի գործ են լսել: Դրանցից երկու տասնյակը դեռ ընթացքի մեջ են:

Այս բաժնում զետեղված են նաեւ իրավաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի վերլուծությունները ՀՀ եռաստիճան դատական համակարգում քննված գործերով կայացված վճիռների վերաբերյալ: Այդ դատական ակտերը իրավաբանը վերլուծել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքների համատեքստում եւ Եվրոպական դատարանի նախադեպերի լույսի ներքո:

Գրքի երկրորդ բաժինն ամփոփում է նույն ժամանակահատվածում լրագրողների դեմ բռնությունների դեպքերը եւ նախորդ տարիներին տեղի ունեցած բռնության դեպքերի բացահայտման հետ կապված զարգացումները: Կարծես օրինաչափորեն բռնությունների դեպքերի թիվը նվազում է ոչ ընտրական տարում եւ աճում նախընտրական շրջանում: 2010-2011 թթ. դրանց թիվն իսկապես նավազել է` համապատասխանաբար 9 եւ 4 դեպք՝ նախորդ՝ 2008-2009-ի 18 եւ 11 դեպքի համեմատությամբ: Բայց զուտ քանակական ցուցանիշները չեն կարող գոհացնել, որովհետեւ դիտարկումները դարձյալ ցույց են տալիս, որ լրագրողների նկատմամբ կատարված գրեթե բոլոր լուրջ հանցագործությունները իրավապահները չեն բացահայտել:

«Մոնիտորինգի արդյունքում մեր հիմնական դիտարկումն այն է, որ 2010 թ. ԱԺ-ի կատարած օրենսդրական փոփոխությունը՝ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը, դրական նախաձեռնություն լինելով հանդերձ, բացասական ազդեցություն ունեցավ մամուլի համար»,- նշեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ անդամ, գրքի խմբագիր Լիաննա Սայադյանը:

«Այս հրատարակությունը օգտակար աղբյուր է տեղեկանալու, թե ինչպես են Հայաստանում ընթանում ԶԼՄ-ների հետ կապված դատավարությունները», - նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը: «Գիրքը լավ հիմք է հանդիսանում Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատությանն առնչվող մարտահրավերները գնահատելու եւ իրավիճակի բարելավման ուղիներ մշակելու համար»:

Ամփոփելով վերջին երկու տարիներին լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի քննության ընթացքը՝ լրագրողները եւ իրավաբանները եկել են այն եզրահանգման, որ դատարանները մտրակի քաղաքականություն որդեգրեցին լրատվամիջոցների նկատմամբ` իրենց կայացրած վճիռներով սահմանափակելով ազատ խոսքը Հայաստանում: Լրատվամիջոցներին հարկադրեցին ընտրել ինքնագրաքննության ուղին, քանի որ փոխհատուցման գումարների բավարարվող չափերը իրական սպառնալիք դարձան լրատվամիջոցների գոյության համար:

Այդուհանդերձ, տարեվերջին արձանագրվել է դրական զարգացում՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ. նոյեմբերի 15-ի որոշումը, որով ամրագրվեց, որ ՀՀ դատարանները պետք է կիրառեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած սկզբունքները, այդ թվում՝ հասարակական ու քաղաքական գործիչների քննադատության առավել լայն սահմանների մասին սկզբունքը: