ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով Սաուդյան Արաբիայի տնտեսական կորուստները գերազանցել են 10 միլիարդ դոլարը։ Այս ցուցանիշը ներառում է ինչպես բաց թողնված եկամուտները, այնպես էլ հավելյալ ծախսերը։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը։
Պարբերականի նշմամբ՝ վնասը պայմանավորված է Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումներով, ինչը բացասաբար է անդրադառնում թագավորության նավթային արտահանման ծավալների վրա։ Բացի այդ, կորուստները կապված են իրանական պատասխան հարվածներից հասցված մասնակի ռազմական վնասի, ինչպես նաև միջազգային խոշոր միջոցառումների, այդ թվում՝ «Ֆորմուլա-1»-ի մրցաշարի չեղարկման հետ։
Այս համապատկերին երկրի իշխանություններն ու խոշոր պետական ընկերությունները վերանայում են ենթակառուցվածքային հսկայածավալ ծրագրերի իրականացման ժամանակացույցը, այդ թվում՝ նոր երկնաքերերի շինարարությունը՝ նպատակ ունենալով կրճատել ընթացիկ ծախսերը։ Բացի այդ, ըստ պարբերականի, Սաուդյան Արաբիան դիտարկում է պաշտպանական բյուջեի արագացված աճի հնարավորությունը, ինչը նույնպես միջոցների վերաբաշխում կպահանջի։



























