Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր մասնակցությունը ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցություններին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հենց Շարիֆը։

Պակիստանի վարչապետը պատմել է Իրանի նախագահի հետ ունեցած «ջերմ և բովանդակալից» զրույցի մասին։

«Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնել Իրանի ղեկավարությանը այն իմաստության և հեռատեսության համար, որը նրանք դրսևորեցին՝ ընդունելով Պակիստանի առաջարկը՝ այս շաբաթվա վերջին Իսլամաբադում խաղաղ բանակցություններ անցկացնելու և տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար համատեղ աշխատելու վերաբերյալ։ Նախագահ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը առաջիկա բանակցություններին և երախտագիտություն հայտնել Պակիստանին՝ գործադրած ջանքերի համար՝ իր լավագույն մաղթանքները փոխանցելով Պակիստանի ժողովրդին։ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ իր բոլոր ընկերների և գործընկերների հետ սերտ համագործակցությանը՝ տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով», - նշել է Պակիստանի վարչապետը։

Ավելի վաղ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի մասնակցությամբ բանակցությունները տեղի կունենան Իսլամաբադում՝ ապրիլի 10-ին: