Ջիբութիում սկսվում են նախագահական ընտրությունները։ Դրանց արդյունքը գործնականում կանխորոշված է. 1999 թվականից ի վեր իշխող Իսմայիլ Օմար Գելեն, հավանաբար, կղեկավարի երկիրը վեցերորդ ժամկետով։ Սակայն հանրապետությունն այժմ հատուկ ուշադրություն է գրավում իր ռազմավարական դիրքի պատճառով՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝ Իրանի հետ պատերազմի համատեքստում։
Ջիբութին գտնվում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափին, որը համաշխարհային առեւտրի հիմնական հանգույցներից մեկն է՝ Հորմուզի նեղուցի եւ Սուեզի ջրանցքի հետ միասին։ Հենց այս 30 կիլոմետրանոց նեղուցով են Արաբական ծովից եկող նավերը մտնում Կարմիր ծով, ապա Սուեզի ջրանցքով հասնում Եվրոպա։ Մարտի վերջին Իրանը զգուշացրել էր, որ ԱՄՆ եւ Իսրայելի ցամաքային գործողության դեպքում, բացի արդեն փակ Հորմուզի նեղուցից, կփակի նաեւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
Ջիբութիի ռազմավարական կարեւորությունը հաստատվում է նաեւ ռազմական ներկայությամբ. այնտեղ տեղակայված են ԱՄՆ, Չինաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Իտալիայի ռազմաբազաները՝ աշխարհի ցանկացած այլ երկրից ավելի շատ օտարերկրյա ռազմական բազաներ։ Նրանց տեղաբաշխումից ստացված եկամուտը կազմում է մոտավորապես 300 միլիոն դոլար կամ երկրի ՀՆԱ 10 տոկոսը։





























