Հնգշաբաթյա պատերազմի ընթացքում Հայֆայի նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայաններին հասցված իրանական հարվածները հարցականի տակ են դրել Իսրայելի էներգետիկ անվտանգությունը, գրում է The Jerusalem Post-ը։
Իսրայելը կրիտիկական կախվածություն ունի բնական գազից. այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 75%-ը: Փորձագետները մատնանշում են, որ գազային օբյեկտները կենտրոնացված են խոցելի ափամերձ քաղաքների մոտակայքում, իսկ դիզելային վառելիքի պահուստային պաշարները բավարար չեն: Դեռ փետրվարին Պետական վերահսկիչը փաստել էր, որ կառավարությունը չի կարողացել ապահովել անհրաժեշտ ռազմավարական պաշարների կուտակումը։
Փորձագետները պնդում են, որ էներգակիրների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է. ներդրումներ են պահանջվում նաև վերականգնվող էներգետիկայի, ջերմային կուտակիչների, ինչպես նաև Նեգևից ու Գոլանից դեպի խոշոր քաղաքներ էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքների ոլորտում։ Որպես հեռանկարային ուղղություններ դիտարկվում են նաև մոդուլային միջուկային ռեակտորներն ու երկրաջերմային էներգետիկան։
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ամենաիրատեսական սցենարը էներգետիկ մոդելի փոփոխությունն է. մինչև 2040-ական թվականները գազի և վերականգնվող աղբյուրների ներկայիս 75/20 հարաբերակցությունը պետք է հասցվի 50/50-ի։ Կառավարությունը շուրջ 1 միլիարդ շեկել է հատկացրել պաշտպանական միջոցառումների և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների ավելացման համար։




























