Առանց վերահսկողության հստակ մեխանիզմների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պայմանավորվածությունները կմնան լոկ «թղթի վրա»։ Այս մասին Սեուլ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ստուգիչ մեխանիզմներով չամրագրված ցանկացած համաձայնագիր զուրկ է իրական ուժից և մնում է լոկ թղթի վրա։ Եթե կողմերը համաձայնության գան, ապա, կարծում եմ, ԱԷՄԳ-ն ստուգումների մասով համագործակցության հայտ կստանա»,- Yonhap գործակալությունը մեջբերում է Գրոսիի խոսքերը։ «Իրանը շատ հավակնոտ և լայնածավալ միջուկային ծրագիր ունի, ուստի ԱԷՄԳ տեսուչների ներկայությունը պարտադիր կլինի։ Հակառակ դեպքում դուք կունենաք ոչ թե պայմանագիր, այլ պայմանագրի պատրանք»,- հավելել է նա։
«Ես չեմ մասնակցում բանակցություններին և չգիտեմ, թե ինչ են նրանք քննարկում։ Մորատորիումի [Իրանի միջուկային ծրագրի դադարեցման] ժամկետը քաղաքական վստահության հարց է, այլ ոչ թե տեխնիկական խնդիր»,- ասել է ԱԷՄԳ ղեկավարը։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պակիստանում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է համաձայնել ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումին։ The New York Times պարբերականի տեղեկություններով՝ Թեհրանն առաջարկել է հնգամյա ժամկետ։
Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պնդում են, որ Իրանն ամբողջությամբ դադարեցնի իր միջուկային ծրագիրը։





























