Բեռլինը պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը, սակայն միայն խիստ պայմանների առկայության դեպքում, տեղեկացրել է Politico-ն։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է «նավագնացության ազատության ապահովման հարցում ներդրում ունենալու» պատրաստակամության մասին, այդ թվում ականազերծման կամ ծովային հետախուզման միջոցով։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ մասնակցությունը հնարավոր է միայն կայուն հրադադարի, հավաքական անվտանգության համակարգի շրջանակում մանդատի, ցանկալի է՝ ՄԱԿ-ի կողմից, եւ դաշնային կառավարության եւ Բունդեսթագի հավանության առկայության դեպքում։ Նա միաժամանակ խոստովանել է, որ Բեռլինն առայժմ «հեռու» է նման որոշումից։

Հարցը նախատեսվում է քննարկել ուրբաթ Փարիզում, Մերցի՝ Մակրոնի, Սթարմերի եւ Մելոնիի հետ հանդիպման ժամանակ։ Ապրիլի 17-ին Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան օնլայն-կոնֆերանս կանցկացնեն՝ մի քանի տասնյակ երկրների մասնակցությամբ, Հորմուզի նեղուցի վերահսկման հարցով, մարտական գործողությունների ավարտից հետո։ ԱՄՆ-ը հանդիպմանը ներկա չի լինի։