Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունն ակնհայտ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել ոչ միայն ընդդիմության ճնշման, այլեւ կառավարող կոալիցիայի շարքերում խորացող հակասությունների արդյունքում: Կոալիցիոն հակասությունների առարկան երկրի վարչապետի աթոռն է, որին ձգտում են 2-3 ազդեցիկ հանրապետականներ: «Հենց դրանով էլ պայմանավորված է վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անկուսակցական անդամների շուտափույթ անդամակցումը ՀՀԿ-ին, որոնք դրանով փորձում էին ապահովագրել իրենց պորտֆելները»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե այդ որոշումն արհեստական էր եւ ուղղված էր ՀՀԿ-ի ներսում կրքերի զսպմանը:
Քաղաքագետը նաեւ դժվարացավ նշել, թե որքան հնարավոր կլինի զսպել կրքերը ՀՀԿ-ում եւ կոալիցիայում ընդհանրապես: «Եթե իրավիճակն անփոփոխ մնա, ընդդիմության ճնշումը՝ մի կողմից, կոալիցիայում հակասությունները՝ մյուս կողմից, կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ամփոփեց փորձագետը:




























