Երեկ պաշտոնական այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի խորհրդարանի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի եւ ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ հանդիպումների ժամանակ նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի` Ճապոնիայի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վրա:

Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ հանդիպման ժամանակ Է. Նալբանդյանը ասել է, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում: Հայաստանի ԱԳ նախարարը ճապոնացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Հայաստան: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ մամլո հայտարարություն:

Էդվարդ Նալբանդյանն ու Կացույա Օկադան հայտագրեր են փոխանակել Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերանորոգման համար հատուկ սարքավորումներ տրամադրելու մասին:

Տոկիոյում Նալբանդյանն այցելել է Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպություն (JETRO), որի նախագահ Յասուո Հայաշիի հետ քննարկել է երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտն ու ոլորտները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչը այցելի Երեւան` հայաստանյան գործընկերների հետ կապեր հաստատելու եւ համագործակցության ուղիներ քննարկելու համար:

Հանդիպման ժամանակ կողմերը համատեղ ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել` ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման արագ իրականացմանը` ներառյալ ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամների քանակի ավելացումը: Այս առումով, Հայկական կողմը վերահաստատել է իր ամուր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Ճապոնիայի մշտական անդամակցությանը: Իր հերթին, ճապոնական կողմը խորը գնահատանք է հայտնել հայկական կողմի աջակցության համար: