Եթե ՀՅԴ-ի համար նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի առաջադրումը առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինի անհրաժեշտություն, նա կփորձի իր ուժերը, իսկ եթե ոչ` դա կհամարի անցած փուլ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց ինքը` Դավիթ Լոքյանը, արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե ՀՅԴ համամասնական ցուցակի մոտավոր պատկերով Դավիթ Լոքյանը զբաղեցնելու է 6-րդ հորիզոնականը:
Նրա խոսքով, այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Նույնիսկ չենք խոսել այդ մասին: Դա հնարովի պատմություն է»,- նկատեց նախկին գյուղնախարարը:
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններում անձամբ ինքն առաջադրվելու ցանկություն ունի՞, նա պատասխանեց. «Ես դեռ չեմ կարող ասել, որովհետեւ մեզ մոտ կուսակցության մարմիններն են որոշում կայացնում: Բայց դեռեւս քննարկում չի եղել, նույնիսկ մեր ղեկավարը նոր է ժամանել Հայաստան: Դրանք լուրջ քննարկումների խնդիր են, եթե կուսակցության համար դա անհրաժեշտություն լինի` կփորձենք, եթե ոչ` դա կհամարենք, որ անցած փուլ է»:
Հարցին, թե գյուղնախարարի պաշտոնը թողնելուց հետո այս ընթացքում ինչո՞վ է զբաղվում, արձագանքեց, որ ինքը ՀՅԴ բյուրոյի անդամ է, որը կուսակցության պատասխանատու պաշտոն է, հետեւաբար զբաղվում է կուսակցության պատասխանատու հարցերով:




























