Երևանի քաղաքապետարանին հաջողվեց անհնարինը՝ զգալիորեն վատթարացնել տրանսպորտի առանց այդ էլ սարսափելի վիճակը։
Հիշեցնենք, որ մինչ տրանսպորտային բարեփոխումների մեկնարկը Երևանի փողոցներում երթևեկում էին «ԳԱԶելները»։ Այո՛, անհարմարավետ էին, այո՛, հնացած, բայց ճկուն ու բավականին արագընթաց։ «Վերջ նվաստացմանը» կարգախոսի ներքո դրանք արգելվեցին որպես դաս՝ նախաձեռնելով դրանց փոխարինումը ավտոբուսներով և էլեկտրաբուսներով։
Միևնույն ժամանակ, երթուղայինների վարորդներին մեղադրեցին ուղևորների վճարած գումարները գողանալու մեջ։ Թե ինչ հիմնավորմամբ՝ պատմությունը լռում է։ Գողացված գումարների հաշվարկի հստակ չափանիշ չկա, բոլոր տվյալները մոտավոր են («աչքաչափով»), բայց մատուցվում են շատ համոզիչ։
Նոր ավտոպարկի ներդրումը հանգեցրեց ուղեվարձի կիսով չափ թանկացմանը, ինչն էլ առաջացրեց քաղաքացիների մի մասի դժգոհությունն ու բոյկոտը։ Փաստն այն է, որ բարեփոխումների սկզբնական շրջանում տրանսպորտն իսկապես լավ էր աշխատում։ Սակայն հետո ինչ-որ բան սխալ տեղի ունեցավ։ Կամ, ինչպես ասում էր հայտնի կերպարը՝ «երբեք նման բան չէր եղել, ու խնդրեմ՝ նորից»։
Եվ ահա նորից՝ դռներից կախված ուղևորներ, հրմշտոց, կանգառներում կիլոմետրանոց հերթեր ու մեղավոր վարորդներ։
Քաղաքապետարանում մտածեցին ու որոշեցին իրավիճակի մեղքը բարդել «նապաստակների» (անտոմս ուղևորների) և վարորդների վրա՝ փաստացի նրանց պարտադրելով հետևել, թե ինչպես են ուղևորները վճարում, իսկ ուղևորներին էլ մեղադրեցին իրենց պատճառով չգնված ավտոբուսների համար։ Թե ուր կորան վերահսկիչները՝ գիտությանը հայտնի չէ։ Ինչպես նաև այն, թե ինչ տրամաբանությամբ են վարորդներին ներկայացվում միանգամայն անօրինական պահանջներ՝ զբաղվել իրենց պարտականությունների մեջ չմտնող հարցերով՝ ի հաշիվ ճանապարհի նկատմամբ ուշադրության։ Վարորդները, չցանկանալով հակառակվել ղեկավարությանը, խնդիրը «լուծեցին» իրենց ձևով։
Եվ ահա իրական պատկերը. բացի օբյեկտիվ պատճառներից՝ անվերջ խցանումների և նույնքան անվերջ ճանապարհային աշխատանքների տեսքով, ուղևորներին սպասվում է հետաքրքրաշարժ բազմաժամյա ճանապարհորդություն լեփ-լեցուն ավտոբուսով, որը յուրաքանչյուր կանգառում կանգնում է 10-15 րոպե։ Հետո՝ ինչպես այն անեկդոտում. նախ բացվում է մի դռնակը, ուղևորները բղավում են՝ պահանջելով բացել երկրորդը։ Բացվում է երկրորդ դուռը, բայց ավտոբուսը ևս 5 րոպե չի շարժվում, մինչև մտնողները չվճարեն։ Չվճարելու դեպքում ոչ մի գործողություն չի ձեռնարկվում։ Ձևականությունները պահպանված են, ավտոբուսը շարժվում է առաջ։ Հաջորդ կանգառում ամեն ինչ կրկնվում է։ Ուղեվարձ նազնվորեն վճարած քաղաքացիները տուժում են մեկ-երկու (եթե այդպիսիք ընդհանրապես կան) «նապաստակի» պատճառով:
Կարծիք կա, որ խնդիրն արհեստական է ստեղծված, և ամեն ինչ շատ պարզ է. ավտոբուսների քիչ քանակի դեպքում առավելագույն ծանրաբեռնվածություն ապահովել։ Թե ինչպես են իշխանությունները պատրաստվում տրանսպորտի նման աշխատանքի պայմաններում բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը՝ ֆանտաստիկայի ժանրից է։
Ստացվեց, որ ուղևորների գումարների և նյարդերի հաշվին գործնականում չաշխատող բարեփոխում է իրականացվում։





























