Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Էլչին Միրզաբեյլին խորհրդարանի այսօրվա նիստում, մեկնաբանելով Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների ընդունած «հակաադրբեջանական» բանաձևերը, առաջարկել է կասեցնել ադրբեջանա-բելգիական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի գործունեությունը։

Ըստ Միրզաբեյլիի՝ «Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների վերջին բանաձևերը չեն հենվում ո՛չ իրավական հիմքերի, ո՛չ էլ տարածաշրջանում տիրող իրական վիճակի վրա»։

Նա հավելել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Բելգիայի քաղաքական շրջանակների, ներառյալ՝ խորհրդարանականների կողմնակալությունը շարունակվում է արդեն երկար տարիներ»։

Ավելի վաղ Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել էին Ադրբեջանի ԱԳՆ՝ հայամետ բանաձևերի պատճառով։

Ապրիլի 16-ին Նիդերլանդների Գլխավոր նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է պատգամավոր Դոն Սեդերի երկու խորհրդարանական միջնորդություն՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

Նույն օրը Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է պատգամավոր Միշել դե Մագդի բանաձևը. «Ղարաբաղի բնակիչների վերադարձի իրավունք՝ անվտանգության միջազգային երաշխիքների ներքո, միջազգային դիտորդական արդյունավետ մեխանիզմի ստեղծում, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում մինչև 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ գոյություն ունեցող դիրքեր և Բաքվում պահվող հայ գերիների ու քաղաքացիական անձանց հարցի լուծում»։