Մինչև ծովային շրջափակման հարցը չլուծվի, իրանական ոչ մի բանակցային խումբ Պակիստան չի մեկնի, SNNTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Նադերին:
Ըստ պատգամավորի՝ բանակցություններին իրանական պատվիրակության մասնակցության վերաբերյալ լուրերը «բացահայտ սուտ են»։
«Մինչև ծովային շրջափակման հարցը չլուծվի, մենք բանակցությունների երկրորդ փուլ չենք անցկացնի»,- ընդգծել է իրանցի պատգամավորը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև զինադադարի ժամկետն ավարտվում է ապրիլի 22-ին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը։
«Մենք շատ ժամանակ չունենք։ Իրանը կարող է շատ լավ արդյունքների հասնել, եթե գործարք կնքի»,- ասել է նա՝ հավելելով, թե իրանցի պաշտոնյաները բանակցելուց բացի «այլ ընտրություն չունեն»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ ամերիկյան զինուժն օգտագործել է հրադադարի ժամանակահատվածը տեխնիկայի պաշարները համալրելու համար և պատրաստ է վերսկսել հարձակումներն Իրանի վրա, եթե ինքը նման հրաման արձակի։




























