ԱՄՆ ռազմական պաշտոնյաները երեքշաբթի կոչ են արել հաջորդ բյուջետային տարում տասնյակ միլիարդավոր դոլարներ հատկացնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի և կործանիչների համար, որոնք առանցքային դեր են խաղացել Իրանի դեմ պատերազմում. հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2027 թվականի պաշտպանական ծախսերը մինչև 1,5 տրիլիոն դոլար բարձրացնելու ձգտման շրջանակում, Պենտագոնը ցանկանում է եռապատկել ԱԹՍ-ների և հարակից տեխնոլոգիաների ծախսերը՝ դրանք հասցնելով ավելի քան 74 միլիարդ դոլարի: Բացի դրանից, նախատեսվում է ներդնել ավելի քան 30 միլիարդ դոլար կարևորագույն զինամթերքի, մասնավորապես՝ որսիչ հրթիռների համար, որոնց պաշարները վերջին տարիներին խիստ նվազել են։

Ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ ծախսերի այս ծրագիրը մշակվել էր Մերձավոր Արևելքի հակամարտության նախաշեմին։ Նրանք չեն քննարկել, թե որքան լրացուցիչ միջոցներ կպահանջվեն բուն պատերազմի համար, ինչն ավելին կլիներ, քան Սպիտակ տունը ծրագրում է ավելացնել հաջորդ բյուջետային տարում:

«Սա արտացոլում է զինամթերքի այն պահանջները, որոնց կարիքը մենք միշտ ունենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը։

Ամենամեծ ծանրաբեռնվածությամբ հրթիռային որսիչները հակաօդային պաշտպանության Patriot և THAAD համակարգերն են: THAAD-ը նախատեսված է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, իսկ Patriot-ը՝ փոքր հեռահարության հրթիռների և ինքնաթիռների ոչնչացման համար։ Սակայն երկուսն էլ օգտագործվել են նաև իրանական էժանագին անօդաչուների ոչնչացման համար։

30 միլիարդ դոլարի մի մասը կուղղվի բարձր ճշգրտության հեռահար և միջին հեռահարության հրթիռային համակարգերին։ Բյուջեի նախագիծը նախատեսում է մոտ 54 միլիարդ դոլար հատկացնել ռազմական ԱԹՍ-ներին և 21 միլիարդ դոլար՝ դրանց ոչնչացման համար նախատեսված համակարգերին։

«Անօդաչուներով պատերազմն արագորեն փոխում է ժամանակակից մարտի դաշտը։ Այս բյուջեն ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ներդրումն է հակաանօդաչու տեխնոլոգիաների ոլորտում»,- հայտարարել է Հերստը։

Անօդաչու թռչող սարքերը և այլ անօդաչու փոխադրամիջոցները դարձել են առանցքային զինատեսակ Ուկրաինայի և Իրանի պատերազմներում, և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ԱՄՆ-ն պետք է զգալիորեն ավելացնի թե՛ անօդաչուների, թե՛ դրանց հակազդման համակարգերի ֆինանսավորումը։

2027 թվականի բյուջեի շրջանակում Պենտագոնը նաև մտադիր է ավելացնել զինված ուժերի թիվը 44 հազար 500 զինծառայողով (ավելի քան 2%), ծախսել ավելի քան 2 միլիարդ դոլար ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գործողությունների վրա և իրականացնել նավաշինության ամենախոշոր հայտը 1962 թվականից ի վեր։