ԱՄՆ կառավարությունն այսօր պատժամիջոցներ է սահմանել 14 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև օդանավերի նկատմամբ՝ իրանական վարչակարգի անունից զենքի ձեռքբերման կամ տեղափոխման մեջ նրանց ներգրավվածության համար. ասված է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որին ծանոթացել է NBC News հեռուստաալիքը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ «իրանական վարչակարգը պետք է պատասխանատվություն կրի համաշխարհային էներգետիկ շուկաներում իր շանտաժի համար»՝ նկատի ունենալով կրիտիկական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի Իրանի շրջափակումը։

«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ, տնտեսական արշավի շրջանակում, Գանձապետարանը կշարունակի հետևել փողերին և թիրախավորել իրանական վարչակարգի անպատասխանատվությունն ու նրանց, ովքեր դա թույլ են տալիս»,- նշել է Բեսենթը։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ երեք անձինք, ովքեր այսօր ընդգրկվել են Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի պատժամիջոցների ցանկում, մեղադրվում են իրանական էլեկտրոնային ընկերությանն աջակցելու մեջ, որը պահեստամասեր էր գնում միակողմանի գործողության անօդաչու թռչող սարքերի համար, որոնք օգտագործում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Գերատեսչությունը թիրախավորել է նաև մի թուրքական ընկերության՝ իրանական բաժնետիրական ընկերությանն աջակցելու համար: Ընդկերությունը կապված է քիմիական նյութեր ձեռք բերելու մեջ մեղադրվող անձի հետ: Նշվում է, որ այն նպատակ ուներ օժանդակելու Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի վերականգնմանը։

Նոր պատժամիջոցները սահմանվել են, երբ գրեթե մեկ շաբաթ առաջ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց պատժամիջոցների նոր ալիքի մասին՝ ընդդեմ մաքսանենգ ճանապարհով Իրան ուղարկվող նավթի։ Պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան երկու տասնյակ ֆիզիկական անձինք, ընկերություններ և նավեր։