Հնդկական իշխանությունները հայտարարել են, որ նավերի անվտանգ անցման համար Իրանին ենթադրաբար կատարված վճարումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Մուկեշ Մանգալը:
Հայտարարությունը հնչել է ապրիլի 18-ի միջադեպից հետո, երբ իրանական ուժերի կրակ բացելելուց հետո հնդկական երկու նավ հրաժարվել էին անցնել նեղուցով: Ավելի վաղ լրատվամիջոցներում ենթադրություններ էին հայտնվել, թե տեղի ունեցածը կապված է խարդախ սխեմաների հետ, որոնց շրջանակում նավատերերին իբր առաջարկվել է (այդ թվում՝ կրիպտոարժույթով) վճարի դիմաց «երաշխավորել» անվտանգ անցումը:
Ծովային ռիսկերի գնահատմամբ զբաղվող Marisk ընկերության տեղեկություններով՝ առնվազն մեկ նավ նեղուցը հատելու փորձի ժամանակ կարող էր դառնալ նմանատիպ խարդախության զոհ և ենթարկվել գնդակոծության:
Մանգալը նմանատիպ հրապարակումներն անվանել է «կեղծ լուրեր»: Մասնավորապես, նա հերքել է այն պնդումները, թե Sanmar Herald նավի նավապետն իբր միջոցներ է փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի աշխատակիցներ ներկայացած անձանց: Ըստ նրա՝ նավատիրոջ հետ կապը հաստատել է, որ նման վճարումներ չեն եղել:
Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ հնդկական կողմը չունի որևէ հաստատում, ըստ որի երկրի որևէ նավ դրամական փոխանցումներ է իրականացրել հօգուտ պաշտոնական կառույցների՝ նեղուցով անցումն ապահովելու համար:





























