Իտալիան պատրաստ է ուղարկել մինչև չորս նավ, մասնավորապես՝ երկու ականազերծող նավ, Հորմուզի նեղուցի մաքրման միջազգային առաքելության շրջանակում։ Դրա մասին հայտնել է Ռազմածովային ուժերի շտաբի պետ Ջուզեպպե Բերուտի Բերգոտոն, հայտնում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ եվրոպական առաջնորդները հանդիպել են Փարիզում՝ քննարկելու Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ գրեթե փակված նեղուցով նավագնացությունը պաշտպանելու բազմազգ ջանքերը։

Համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մոտավորապես մեկ հինգերորդը սովորաբար անցնում է այս նեղուցով։ Ավելի քան տասը երկիր, որոնց թվում՝ Իտալիան, հայտարարել են, որ կմիանան անվտանգ անցումն ապահովելու առաքելությանը, հենց որ պայմանները թույլ տան։

«Պաշտպանության շտաբի պետի մշակած արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիրը նախատեսում է խումբ, որը բաղկացած է երկու ականազերծող նավից, ուղեկցող նավից և նյութատեխնիկական ապահովման նավից,- չորեքշաբթի ուշ երեկոյան RAI պետական հեռուստաալիքին հայտնել է ՌԾՈւ շտաբի պետ Ջուզեպպե Բերուտի Բերգոտոն,- Ակնհայտ է, որ միայնակ չենք գործում։ Մենք միջազգային կոալիցիայի մաս ենք կազմում, և այլ երկրներ նույնպես ականազերծող նավեր կուղարկեն»։

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան և Նիդեռլանդները նույնպես ունեն ականազերծման հնարավորություններ։

Բերուտի Բերգոտոն նաև տեղեկացրել է, որ իտալական նավերը կմեկնեն հյուսիսարևմտյան Սպեցիա նավահանգստից, և նրանցից մոտ չորս շաբաթ կպահանջվի այդ տարածք հասնելու համար։

Ներկայում Իտալիայի սպառազինության մեջ կա ութ ականազերծող նավ։

Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ կառավարությունը կհայցի խորհրդարանի հավանությունը՝ նախքան Հորմուզի նեղուցում գործողությանը Իտալիայի մասնակցությունն արտոնելը։