Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում կիսվել է նրանով, թե ինչի համար է զղջում ամենից շատ։
Ծավալուն հարցազրույցի եզրափակիչ մասում նախկին նախագահին հարց է տրվել. «Հետ նայելով՝ ինչի՞ համար եք ամենից շատ զղջում»։
«Հավանաբար դա ամենաբարդ հարցն է։ Գիտեք, իմ բնավորության մեջ չկա այդքան շատ փորփրելու սովորությունը... Որովհետև դու խրվում ես այնտեղ, երբ հեռանում ես անցյալ... Կան հարցեր, որոնք... Իհարկե, քո փորձով և նոր գիտելիքներով հասկանում ես, որ կարելի էր այլ կերպ անել, նման հարցեր շատ կան»,- պատասխանել է Քոչարյանը։
Խնդրանքին՝ նշել ամենաէականը. «Այնտեղ, որտեղ համարում եք, որ սխալ էր, զղջում եք։ Հաստատ դուք ունեք նման բան, կիսվեք, շատ հետաքրքիր է։ Ինչի՞ համար եք ամենից շատ զղջում», նախկին նախագահն ասել է. «Դե, թերևս, ինձ հաջորդողի հարցը»։





























