ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի և թագուհի Կամիլայի պետական այցը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ, կարող է անկասկած օգնել երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Անկասկած: Նա հիասքանչ է: Նա ֆանտաստիկ մարդ է: Միանշանակ պատասխանը «այո» է: Ես նրան լավ եմ ճանաչում, ճանաչում եմ երկար տարիներ: Նա քաջ մարդ է և մեծ մարդ է»,- ասել է Թրամփը բրիտանական միապետի մասին:

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ իր հարաբերությունների մասին, որոնք, ըստ նրա, կարող են վերականգնվել միայն այն դեպքում, եթե վերջինս ներգաղթի հարցում փոխի կուրսը:

«Եթե նա Հյուսիսային ծովը բացի, և եթե նրա ներգաղթային քաղաքականությունը խստանա, ինչը հիմա չկա, նա կկարողանա վերականգնվել, բայց եթե դա չանի, չեմ կարծում, որ հնարավորություն ունի»,- ասել է Թրամփը:

Նա նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը և մյուս դաշնակիցներին՝ Իրանում պատերազմի վերաբերյալ նրանց արձագանքի համար:

Թրամփը հայտարարել է, թե դժգոհ է Մեծ Բրիտանիայի ցուցաբերած աջակցության մակարդակից, մինչդեռ Քիր Սթարմերը բազմիցս հայտարարել է, որ երկիրը չի ներքաշվի ավելի լայն պատերազմի մեջ: Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե նրա ինչին էին պետք այնպիսի դաշնակիցներ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է՝ գործողությանը մասնակցելու համար, նա ասել է. «Նրանց կարիքն ընդհանրապես չունեի, բայց նրանք պետք է լինեին այնտեղ: Ակնհայտ է, որ նրանք ինձ պետք չէին: Մենք ոչնչացրեցինք իրանական զինուժը: Ինձ ոչ ոք պետք չէր: Ես ուզում էի տեսնել՝ արդյոք նրանք կմասնակցեն»:

Նա հավելել է, որ իր կոչը, ավելի շուտ, ստուգում էր: