Հայաստանը բնավ չի սպառել Ադրբեջանում պահվող քաղաքացիների պաշտպանության համար իրավական և դիվանագիտական բոլոր գործիքները՝ հակառակ իշխանությունների հայտարարություններին, թե «ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մինչև օրս միջպետական գանգատ չի ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ պահվող քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների փաստերով, թեև նման հնարավորություն գոյություն ունի։
Չի իրացվել նաև Վիեննայի կոնվենցիայով երաշխավորված հյուպատոսական այցելությունների իրավունքը. Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանը կարող էր օգտվել երրորդ երկրների, մասնավորապես՝ Շվեյցարիայի միջնորդությունից, որի դիվանագետները հավատարմագրված են Բաքվում և արդեն օգնելու պատրաստակամություն են հայտնել։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն, ըստ Սահակյանի, արդեն ավելի քան մեկ տարի է «մտորում է» այս հարցի շուրջ։
Փաստաբանն առանձին անդրադարձել է ՀՀ օմբուդսմենի այցը Բաքու կազմակերպելու Ռուբեն Վարդանյանի կոչին։ Նրա գնահատմամբ՝ օմբուդսմենի այցը ներկայիս ձևաչափով քիչ արդյունավետ կլիներ. նա չունի լիազորություններ՝ արձանագրելու խախտումները և պահանջներ ներկայացնելու ադրբեջանական կողմին։ Ավելի գործուն մեխանիզմ կլիներ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հրավիրումը՝ դրա կազմում ներառելով ՀՀ օմբուդսմենին՝ որպես կոմիտեի անդամ։
Միաժամանակ Սահակյանն ավելի իրատեսական և առաջնահերթ է համարում ոչ թե օմբուդսմենի այցը, այլ կալանավորվածների հարազատների տեսակցությունների կազմակերպումը, ինչի նախադեպերը արդեն կան։ Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է ակտիվորեն աջակցել ընտանիքներին վիզաների ստացման և անվտանգության ապահովման հարցում, ոչ թե մի կողմ քաշվել։
Սահակյանը նաև մտահոգություն է հայտնել, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրում առկա է պայման՝ միջպետական հայցերից հրաժարվելու մասին, ընդ որում՝ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։ Ըստ նրա՝ դա վտանգի տակ է դնում հայ գերիների պաշտպանության իրականում գործող սակավաթիվ իրավական գործիքներից մեկը։





























