Իրանի ղեկավարությունը պատասխանել է Թեհրանի իշխանության վերին օղակներում ընթացող «պայքարի» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Ինչպես X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իր երկրում չկան «կոշտ գծի կողմնակիցներ» կամ «չափավորներ»:
«Մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ: Ազգի ու պետության անխախտ միասնության և Գերագույն առաջնորդին հնազանդվելու շնորհիվ մենք կստիպենք ագրեսորին զղջալ դրա համար: Մեկ Աստված, մեկ ազգ, մեկ առաջնորդ, մեկ ուղի. հաղթանակն Իրանի համար թանկ է կյանքից»,- գրել է Իրանի նախագահը:
Իր հերթին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է «ազգի և կառավարության երկաթյա միասնության» մասին՝ հեղափոխության Գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ:
«Մենք կստիպենք հանցագործ ագրեսորին զղջալ իր գործողությունների համար: Մեկ Աստված, մեկ առաջնորդ, մեկ ազգ և մեկ ուղի: Այդ ուղին հաղթանակի ուղին է Իրանի համար, որը թանկ է կյանքից»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի համար «շատ դժվար է հասկանալ, թե ով է իր առաջնորդը»:
«Նրանք պարզապես չգիտեն: Պայքարը «կոշտ գծի կողմնակիցների» միջև, ովքեր լուրջ պարտություններ են կրում մարտի դաշտում, և «չափավորների», ովքեր ամենևին էլ չափավոր չեն (բայց հարգանք են նվաճում), պարզապես ԽԵԼԱՀԵՂ Է»,- գրել էր նա Truth Social սոցիալական ցանցում:





























