Իշխանությունը ոչ թե մասամբ է սկսել նախընտրական քարոզարշավը, այլ 24/7 ռեժիմով  է այն անցկացնում, այսինքն որևէ մեկը առանձնապես չի էլ նայում դա աշխատանքային ժամ է, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Նախկինների օրոք աղմուկ էր բարձրանում, որովհետև, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը ամեն պատեհ առիթը օգտագործում էին նման աղմուկ բարձրացնելու համար, եթե այդ քաղաքացիական հասարակությունը հիմա սերտաճած չլիներ իշխանության հետ, պատկերացրեք, թե իրենք ինչ աղմուկ պետք է որ բարձրացնեին, որ 5–6 ամիս առաջ արդեն նախընտրական կամպանիա  սկսվել էր։

Այնպես որ կարելի է ասել, որ քարոզարշավը սկսվել է, ընդ որում, բոլոր մակարդակներով, ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության։ Ընդդիմությունը մի փոքր ուշ է սկսել, հատկապես նոր ձևավորված ընդդիմությունը, քանի որ նա զուգահեռաբար նաև կառույցներ էր ստեղծում»,–ասաց նա։

Քախտեխնոլոգը նկատեց, որ իշխանությունը քարոզարշավը սկսել է դեռեւս 2024–ի հունվարից, երբ Նիկոլ Փաշինյանը մտնում էր դպրոցներ ու անորակ կախիչներն էր պոկում. «Ընդ որում, այն ժամանակ իրենք դեռ չգիտեին՝ ընտրությունները լինելու են արտահերթ, թե հերթական։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտավ մի նոր դերի մեջ, խեղճ Նիկոլի, ժողովրդի ծոցից դուրս եկած Նիկոլի, հեղափոխական Նիկոլի, իրենց նման Նիկոլի կերպարից փորձեց դառնալ ուժեղ Նիկոլ, պատժել ապարատի ներկայացուցիչներին, որոնք, իբր իր հրահանգը չեն կատարում։

Խնդիրն այն էր, որ իրենք ունեին հարցումներ և տեսնում էին, որ ըստ այդ հարցումների, իրենց ունեցած տոկոսը ոչ իջնում էր, ոչ բարձրանում։ Ինչ–որ նոր որակ էր պետք, նույնիսկ սափրվեց, եթե հիշում եք, հեղափոխական իմիջից  փորձեց դուրս գալ։ Հետո  հեծանիվ էր քշում, անընդհատ փոխում էր ձևերը, կիսաբրուտալ, կիսասպորտային, ձվածեղ էր եփում և այլն։ Ամեն ինչ արվում էր, որպեսզի օրակարգ ձևավորի, որը կստվերի որևէ  քաղաքական ուժի կամ անձի օրակարգը։ Բայց դա խոշոր հաշվով արդյունք չէր տալիս, վարկանիշը չէր փոխվում։

Արդեն անցյալ տարվա վերջից իրենք հասկացան, որ այդ բրուտալ, տանտիրոջ կոշտ իմիջը ոչ մի բանի չի բերում առանձնապես, արդեն սկսեցին վախենալ, որ իրենց ավանդական ընտրազանգվածն էլ կարող են կորցնել և հիմա նորից վերադարձել են հին իմիջին։ Դա վիզուլ էլ պարզ երևում է։

Նիկոլ Փաշինյանի ուժեղ կողմն այն է, որ ինքը չի վախենում ծիծաղելի լինել։ Եթե հանուն ռեյտինգի, հանուն կես տոկոսի կարելի է ինչ-որ մի բան անել, ծիծաղելի լինել,  միայն թե դրա մասին խոսեն, ինքը պատրաստ է դրան, հիմա էլ է պատրաստ։ Եթե պետք է կարկանդակ ուտել, պեռաշկի ուտել, ընդ որում այն ձևով, ինչպես ուտում է ցածր ինտելեկտ, կամ ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող խավը, ինքը դրան էլ է գնում։ Ես անկեղծ ասած, զարմացած եմ, որ դեռ նորից մորուք չի պահել»,–ասաց Վիգեն Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի, Նիկոլ Փաշինյանն այսօր  իր հին ընտրազանգվածին պահելու խնդիր ունի. «Ինքը հասկացել է, որ նոր ընտրազանգվածի հետևից ընկնելով ինքը կարող է կորցնել գոնե իր ավանդական ընտրազանգվածը, որ հետո փորձի վարչական ռեսուրսի միջոցով, այլ մեթոդներով, ոչ լեգիտիմ գործիքակազմով, փորձի դրան ինչ-որ բան ավելացնել։ Խնդիրն այն է, որ լուրջ ռեսուրսներ ավելացնելու իշխանությունը չունի»,–ասաց նա։