Հանրապետական կուսակցությունում կատարվող վերջին իրադարձությունները չեն հանդիսանում Հայաստանում արտահերթ գործընթացների ազդանշան, այլ պարզապես հերթական ներվերնախավային գզվռտոց են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի ներսում երկու թեւերի՝ «հների» եւ «նորերի» հակամարտություն է ընթանում. «հները»՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, իսկ «նորերը»՝ Սերժ Սարգսյանի": «ՀՀԿ-ի շարքերում համախմբելով կառավարությանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանն ամրապնդեց „նորերի“ ճամբարը»,- ամփոփել է Կարապետյանը:

Նա նաեւ քիչ հավանական է համարել արտահերթ ընտրական գործընթացները՝ կառավարող վերնախավի լարվածության արդյունքում: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ում վերջին գործընթացները հենց պատրաստություն են հերթական ընտրություններին, որոնց ընդամենը երկու տարի է մնացել. «Մենք շատ ենք ցանկանում, որ արտահերթ ընտրություններ լինեն, բայց, ցավոք, դա քիչ հավանական է, մինչեւ ընտրություններ երկու տարի է մնացել, որոնցից մեկն էլ նախընտրական է, այնպես որ…»: Կարապետյանը նաեւ կանխատեսել է, որ նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ համագումարից հետո հանրապետության ներքաղաքական կյանքում որոշակի փոփոխություններ կլինեն: «Հնարավոր է, որ Հայաստանում արմատական ընդդիմադիր ուժի բացակայության պայմաններում այդ դերն իր վրա վերցնի կոալիցիոն ուժերից մեկը կամ էլ մի ուժ, որ այս պահին ստվերում է, բայց բավական հզորություն ունի: Հայաստանում երեք նախագահ կա, եւ նրանք բավական պոտենցիալ ունեն: Հնարավոր է, որ ընտրությունների նախաշեմին նրանցից երկուս կմինան երրորդի դեմ: Կտեսնենք, այժմ միայն կարելի է ասել, որ Հայաստանը պատրաստվում է հերթական ընտրություններին»,- ամփոփել է Կարապետյանը: