Թբիլիսիի քաղաքային դատարանը կոռուպցիայի համար ձերբակալված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին դատապարտել է 10 տարվա ազատազրկման. հայտնում է «Новости-Грузия»-ն:

Բուրչուլաձեն մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտների օրինականացման մեջ: Այդ հոդվածներով սահմանվում է առավելագույնը 12 տարվա պատիժ:

Բացի բանտային ժամկետից, դատարանը որոշել է բռնագանձել նախկին պաշտոնյայի ընտանիքի գույքը՝ առանձնատունը Իսպանիայում և տունը Թբիլիսիի մոտ գտնվող Ծղնեթի էլիտար ավանում: Բուրչուլաձեին միաժամանակ արգելվել է երկու տարով պետական պաշտոններ զբաղեցնել:

Նախկին նախարարի դեմ գործը վերաբերում է նաև զինվորական հոսպիտալի համար մագնիսառեզոնանսային շերտագրման սարքի գնմանը: Նույն դրվագով բյուջետային միջոցների վատնման համար մեղադրվում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան, գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին, ինչպես նաև նախկին նախարարի աներորդին՝ Վասիլ Մխեիձեն:

Բուրչուլաձեն զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվարը՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունում։ Ինքը՝ նախկին վարչապետը, ներկայում նույնպես պատիժ է կրում. հունվարին դատարանը նրան դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ դատավարական համաձայնությամբ, ապօրինի ձեռնարկատիրության և փողերի լվացման մեջ մեղքն ընդունելուց հետո: