Թուրքիան կրկին հայտնվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և նրա վաղեմի հակառակորդ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելի միջև հակամարտության կենտրոնում։ Դրա մասին գրում է Politico-ն։
Անցած հանգստյան օրերին ֆոն դեր Լայենը, կարծես թե, ակնարկել է, որ Անկարան աշխարհառազմավարական սպառնալիք է ԵՄ-ի համար։ «Մենք պետք է հասնենք եվրոպական մայրցամաքի ձևավորման ավարտին, որպեսզի այն չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ»,- հայտարարել է նա։
Ֆոն դեր Լայենի հայտարարությունները լայն արձագանք են գտել Թուրքիայում։
Միշելը նույնպես քննադատել է ֆոն դեր Լայենին իր խոսքերի համար և Թուրքիան անվանել «ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, կարևոր գործընկեր, էներգետիկ միջանցք, խոշոր դերակատար Եվրոպայի պաշտպանական հատվածում և լուրջ տարածաշրջանային տերություն»։
«Եվրոպան ավելի ուժեղ չի դառնա՝ կիրառելով երկակի ստանդարտներ կամ պարզեցնելով իրականությունը»,- հավելել է նա։
Այս խոսքային փոխհրաձգությունը վերսկսել է Միշելի և ֆոն դեր Լայենի միջև վաղեմի թշնամանքը՝ մի մրցակցություն, որն ի հայտ էր եկել դեռ 2021 թվականին Թուրքիա կատարած նրանց այցի ժամանակ։ Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահը տեղ էր զբաղեցրել իր զրուցակցի կողքին՝ Հանձնաժողովի ղեկավարին մղելով դեպիկողքի բազմոցը։
Այդ միջադեպը բացահայտել էր ԵՄ երկու առաջնորդի միջև լարվածությունը։ Ֆոն դեր Լայենի և Միշելի հարաբերություններն այդպես էլ չեն վերականգնվել։
Այնուամենայնիվ, քննադատելով Եվրոհանձնաժողովի նախագահի մեկնաբանությունները Թուրքիայի վերաբերյալ, Միշելն ինքը ենթարկվել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի սուր քննադատությանը։ Վերջինս բելգիացուն կշտամբել է այնպիսի երկրի պաշտպանելու համար, որը բռնազավթել է մի տարածք, որին հավակնում է ԵՄ անդամը։
«Թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիան ներխուժել է Կիպրոս 1974 թվականին և մինչ օրս բռնազավթված է պահում եվրոպական տարածքը»,- նշել է Քրիստոդուլիդիսը։





























