Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Օման կատարած մեկօրյա այցից հետո վերադարձել է Պակիստան, հայտնում է Tasnim-ը։

Գործակալության տեղեկությունների համաձայն, Արաղչին այժմ կրկին Պակիստանում է՝ հարևան երկրի պաշտոնյաների հետ իր վերջին խորհրդակցությունները շարունակելու համար։

«Այս բանակցությունները որևէ կապ չունեն միջուկային խնդրի հետ»,- ընդգծում է իրանական գործակալությունը։

Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ բանակցություններից, Արաղչիի կարևոր խնդիրն է պատերազմի դադարեցման վերաբերյալ Իրանի պայմանները հասցնել պակիստանյան կողմին, որը հանդես է գալիս որպես միջնորդ։

Արաղչիի բարձրացրած հարցերի թվում են Հորմուզի նեղուցում նոր իրավական ռեժիմի ներդրումը, փոխհատուցման ստացումը, պատերազմ հրահրողների կողմից Իրանի դեմ հետագա ռազմական ագրեսիայի կանխումը և երկրի ծովային շրջափակման դադարեցումը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը և նրա գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-ին Իսլամաբադում մի շարք կարևոր հանդիպումներ էին անցկացրել Պակիստանի պաշտոնյաների հետ։ Շաբաթ երեկոյան Արաղչին Պակիստանից մեկնել էր Մասկատ, որտեղ կիրակի օրը հանդիպել էր Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիք Ալ Սաիդի հետ։ Իրանի արտգործնախարարը Իսլամաբադ է վերադարձել կիրակի երեկոյան։ Իսլամաբադում կանգառից հետո Արաղչին կմեկնի Ռուսաստան։