Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ անվտանգության աշխատակիցների վրա հարձակված կասկածյալը «ձգտում էր մահափորձ իրականացնել նախագահի դեմ և սպանել Թրամփի վարչակազմի հնարավորինս շատ բարձրաստիճան պաշտոնյաների»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Ըստ նրա, այն, ինչ պետք է լիներ ուրախ երեկո, «խափանվեց մի փչացած, խելագար մարդու կողմից, որը ձգտում էր մահափորձ իրականացնել նախագահի դեմ և սպանել Թրամփի վարչակազմի հնարավորինս շատ բարձրաստիճան պաշտոնյաների»։

«Ես նախագահ Թրամփի և առաջին տիկնոջ հետ էի կուլիսներում այն բանից հետո, երբ Գաղտնի ծառայությունն արագորեն մեզ տեղափոխեց անվտանգ վայր։ Նախագահ Թրամփն իսկապես անվախ էր, բայց, ինչպես նա ասաց երեկ երեկոյան, այս քաղաքական բռնությանը պետք է վերջ դրվի»,- գրել է Լիվիթը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ հրաձիգը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Ալենն է։ Նա խոստովանել է, որ ցանկացել է գնդակահարել Թրամփի վարչակազմի անդամներին։ Ալենը ձերբակալված է և երկուշաբթի օրը կկանգնի դատարանի առաջ։