Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել արտահանձնել մի չինացու, որին ԱՄՆ իշխանությունները որոնում են հաքերային հարձակումների, այդ թվում COVID-19-ի հետ կապված բժշկական հետազոտությունների գողության մեղադրանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրին։
Կառավարության այս քայլը հաջորդել է իտալական դատարանի՝ ապրիլի սկզբին կայացրած որոշմանը, ըստ որի՝ Սյու Ցզեվեյը կարող է արտահանձնվել։
Սյուի փաստաբան Էնրիկո Ջարդան Reuters-ին հայտնել է, որ իր հաճախորդը դեռևս որևէ ծանուցում չի ստացել այս հարցի վերաբերյալ։
Սյուն ձերբակալվել էր Միլանում հուլիսի 3-ին՝ ԱՄՆ իշխանությունների հարցմամբ, որոնք նրան մեղադրում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության և ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալների գողության մեջ՝ 2020 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծովահենության ենթադրյալ գործողությունների համար։
Ձերբակալությունից հետո Սյուի փաստաբանը հայտարարել էր, որ իր հաճախորդը սխալ նույնականացման զոհ է դարձել։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Սյուն Չինաստանի կառավարության պատվերով կոտրել և գողացել է COVID-19-ի վերաբերյալ կարևոր հետազոտություններ։ Նախարարությունը հայտարարել է, որ Սյուն «եղել է կիբերփորձագետների թիմի կազմում, որոնք 2020 թվականին թիրախավորել են ամերիկյան համալսարանները, իմունոլոգներին և վիրուսաբաններին, որոնք պատվաստանյութերի, բուժման և COVID-19-ի դեմ թեստավորման հետազոտություններ էին իրականացնում»։





























