Ուկրաինա-իսրայելական բարեկամական հարաբերությունները ձեռնտու են երկու երկրներին, և Ռուսաստանի գողացած ուկրաինական հացահատիկի ապօրինի առևտուրը չպետք է դրանք խաթարի։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:
«Դժվար է հասկանալ Իսրայելի համարժեք արձագանքի բացակայությունը Ուկրաինայի օրինական հարցմանը՝ կապված այն նավի հետ, որը գողացված ապրանքներ է հասցրել Հայֆա: Այժմ, երբ Հայֆա է ժամանել ևս մեկ նմանատիպ նավ, մենք կրկին Իսրայելին զգուշացնում ենք՝ չընդունել գողացված հացահատիկը և չվնասել մեր հարաբերությունները: Այդ համատեքստում արդեն պաշտոնապես կանչել ենք Իսրայելի դեսպանին Ուկրաինայի ԱԳՆ: Վաղը կներկայացնենք մեր բողոքի նոտան և կպահանջենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի և Իսրայելի հարաբերություններում հասունացող ճգնաժամի մասին գրել էր «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը:





























