Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը և թագուհի Կամիլան ժամանել են Միացյալ Նահանգներ։ Սա բրիտանական միապետի առաջին այցն է 2007 թվականից ի վեր, հաղորդում է BBC-ն։
Ժամանելուն պես թագավորին և թագուհուն կարմիր գորգի վրա դիմավորել է կառավարական պատվիրակությունը։ Զույգը ծաղիկներ է ստացել երկու փոքրիկ երեխաներից, ինչից հետո թագավորական զույգին ողջունել են ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քրիստիան Թըրները և Սպիտակ տան արարողակարգի բաժնի ղեկավար Մոնիկա Քրոուլին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը նրանց կընդունեն ավելի ուշ՝ արդեն Սպիտակ տանը։
Այս ուղևորությունն անցնում է շաբաթ օրը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության միջադեպի ֆոնին, որին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի այլ անդամներ։
Պետական այցը տեղի է ունենում նաև անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի շրջանում։ Անցյալ շաբաթ Թրամփը BBC-ին հայտնել էր, որ այցը «միանշանակ» կարող է օգնել երկրներին կարգավորել հարաբերությունները։
Թագավորական ընտանիքը կգտնվի ԱՄՆ-ում մինչև ապրիլի 30-ը և, ի թիվս այլնի, նախագահի և նրա տիկնոջ՝ Մելանյայի հետ, ընդունելության Վաշինգտոնում բրիտանական դեսպանի նստավայրի պարտեզում կմասնակցի մասնավոր թեյախմությանը և Սպիտակ տանը թագավորական զույգի դիմավորման պաշտոնական արարողությանը։
Երեքշաբթի Չարլզ Երրորդը ելույթ կունենա Կոնգրեսի առջև։ Սա պատմության մեջ երկրորդ նման ելույթն է լինելու. առաջինը Կոնգրեսում ունեցել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդը 1991 թվականին։ Դրանից հետո նա և Կամիլան կմեկնեն Նյու Յորք, որտեղ նրանց ծրագրով նախատեսված է սեպտեմբերի 11-ի հիշատակին նվիրված միջոցառում։




























