Հայաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Թբիլիսի Սբ Նշան եկեղեցու հետագա պահպանությանն առնչվող խնդիրներն աշխատանքային կարգով շարունակվում են քննարկվել վրաց գործընկերների հետ:

Մասնավորապես ի պատասխան Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու մաքրման աշխատանքների ու պահպանության վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հարցման` Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը 2012 թ. փետրվարի 16-ին տեղեկություն է տրամադրել, համաձայն որի ամբողջովին մաքրվել է եկեղեցու ներսում գտնվող թղթի կիսաայրված զանգվածը:

Եկեղեցու պահպանվածության վիճակին հետեւելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ: Ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն, վրացական կողմի հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակիցների  առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաեւ 2012 թ. եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները: