Իսրայելը երեքշաբթի հայտարարել է, որ չի ձգտում տարածք գրավել Լիբանանում, իսկ այդ ընթացքում իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) նոր նախազգուշացումների շարք է տարածել երկրի հարավում ռազմական գործողություններից տուժած քաղաքների և գյուղերի տարհանման վերաբերյալ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի։ Մեր ներկայությունը... ծառայում է մեկ նպատակի՝ մեր քաղաքացիների պաշտպանությանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։
Ըստ նրա՝ «ոչ մի երկիր չէր ցանկանա ապրել նման կերպ՝ զենքը քունքին դրված»։
«Իրականում, երբ «Հըզբոլլահը» և այլ ահաբեկչական կազմակերպություններ, ներառյալ պաղեստինյան ահաբեկչական խմբավորումները, ոչնչացվեն, Իսրայելն այդ շրջաններում իր ներկայությունը պահպանելու կարիք այլևս չի ունենա»,- հավելել է Սաարը։
Ապրիլի 17-ին «Հեըզբոլլահ» շարժման հետ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց Իսրայելը հայտարարեց այսպես կոչված «դեղին գծի» մասին՝ սահմանի երկայնքով մոտ 10 կիլոմետր խորությամբ լիբանանյան տարածքի շերտի, որի սահմաններում գործում են իսրայելական զորքերը։
Հակառակ հրադադարին՝ Իսրայելը և «Հըզբոլլահը» շարունակում են ռազմական գործողությունները՝ միմյանց մեղադրելով փխրուն զինադադարի խախտման մեջ։





























