Եվրամիությունը, Կիևին սպառազինություն մատակարարելով, ավելի ու ավելի է խորասուզվում Ուկրաինայի հակամարտության մեջ, ապրիլի 28-ին Բիշքեկում ՇՀԿ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

«Ուկրաինային եվրոպական երկրների ցուցաբերած օգնության աճի ֆոնին՝ Կիևի ռեժիմին աջակցելու հարցում նկատվում է Միացյալ Նահանգների ակտիվության նվազում։ Եվրամիությունն ավելի ու ավելի է ներքաշվում հակամարտության մեջ, ֆինանսավորում է այն և զենք է մատակարարում»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Միաժամանակ նա նշել է, որ Կիևին արևմտյան սպառազինության մատակարարումների արտադրական-լոգիստիկ շղթաներն ուշադիր վերահսկվում և միտումնավոր հրապարակայնացվում են։

Մասնավորապես, հիշեցրել է Բելոուսովը, ապրիլի 15-ին լրատվամիջոցներում հրապարակվել է Եվրոպայի այն ձեռնարկությունների ցանկը, որոնք Ուկրաինային հարվածային ԱԹՍ-ներ և դրանց բաղադրիչներ են արտադրում ու մատակարարում՝ ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար։

«Նման գործողությունները նպաստում են ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանն ամբողջ եվրոպական մայրցամաքում և կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը։