«Երկխոսությունից վախենում է թույլ կողմը՝ փաստարկներում թույլը։ Իհարկե, Եվրամիությունը մեզանից շատ ավելի մեծ է, ես դա նկատի չունեմ։ Թույլ կողմ է այն իմաստով, որ ճշմարտությունը Եվրամիության կողմում չէ. ճշմարտությունը մեր կողմում է», լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է «Интерпрессньюс»-ը։
Ըստ նրա՝ Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը կշարունակվի այն շրջանակում, որում դա հնարավոր է։
«Մենք ապավինում ենք վրաց ժողովրդին։ Մեր թիմը միշտ ապավինել է վրաց ժողովրդին և ապագայում ևս կապավինի նրան։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա քաղաքական երկխոսությունը կշարունակվի այն սահմաններում, որոնցում դա հնարավոր է։
Մենք առավելագույնս բաց ենք երկխոսության համար և միշտ դրա մասին հայտարարել ենք. հենց որ տեսնենք Վրաստանի իշխանությունների հետ երկխոսությունը վերսկսելու եվրոպական բյուրոկրատիայի պատրաստակամությունը, մենք բաց կլինենք։
Մենք տեսնում ենք, որ նրանց վերաբերմունքը տարբերվում է, սա խորհրդային մոտեցում է, երբ վախենում են երկխոսությունից և բանավեճից։ Երկխոսությունից վախենում է թույլ կողմը՝ փաստարկներում թույլը։ Իհարկե, Եվրամիությունը մեզանից շատ ավելի մեծ է, ես դա նկատի չունեմ. թույլ կողմ է այն իմաստով, որ ճշմարտությունը Եվրամիության կողմում չէ. ճշմարտությունը մեր կողմում է»,- նշել է Կոբախիձեն։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նրանք հույս են դնում Բուլղարիայի վրա պատժամիջոցների ռիսկի պայմաններում, Կոբախիձեն հայտարարել է. «Մի՛ նսեմացրեք Բուլղարիային»։
«Չի կարելի նսեմացնել ոչ մի երկիր։ Մենք խոսում ենք բոլորի հետ, ում հետ հնարավոր է երկխոսություն վարել։ Նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում երկխոսության և շփման, նրանց հետ էլ մենք աշխատում ենք։ Դա մեր դիրքորոշումն է։ Այդ մոտեցման շնորհիվ մեզ հաջողվել է մինչ այժմ ապահովել երկրի անկախությունը՝ չնայած դժվարություններին»,- նշել է Կոբախիձեն։





























