Պակիստանում միջնորդներն առաջիկա մի քանի օրերին ակնկալում են Իրանից պատերազմի դադարեցման վերաբերյալ վերանայված առաջարկ ստանալ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ չի ընդունի ավելի վաղ ներկայացված տարբերակը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով միջնորդական գործընթացին մոտ կանգնած աղբյուրներին։

Աղբյուրները հայտնում են, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ռուսաստան կատարած այցից հետո այսօր պետք է վերադառնար Թեհրան։

Զրուցակիցների տեղեկություններով՝ ակնկալվում է, որ նա խորհրդակցություններ կանցկացնի իր երկրի ղեկավարության հետ։

Ըստ աղբյուրների՝ այդ գործընթացը դանդաղ է ընթանում Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ շփման դժվարությունների պատճառով, որի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։

Թրամփը հասկացրել է, որ չի ընդունի նախորդ հանգստյան օրերին ներկայացված իրանական առաջարկի տարբերակը, որը նախատեսում է նախ պատերազմի դադարեցում և ավելի ուշ փուլում Իրանի միջուկային ծրագրին առնչվող ավելի սուր հարցերի լուծում։ Աղբյուրները հայտնել են, որ գործընթացն ընթանում է ամբողջ թափով, և շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք Իրանը կվերադառնա վերանայված առաջարկով, որն ավելի ընդունելի կլինի ԱՄՆ-ի համար։

Երեքշաբթի սոցիալական ցանցերում արած իր գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ «կոլապսի վիճակում է»՝ պնդելով, որ Թեհրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը, քանի որ «նրանք փորձում են հստակեցնել իրենց ղեկավարության հարցը»։