Մեծ Բրիտանիան երեքշաբթի հայտարարել է, որ Լոնդոնում Իրանի դեսպանը կանչվել է, ըստ կառավարության, սոցիալական ցանցերում Իրանի դեսպանության «անընդունելի և հրահրող» մեկնաբանությունների կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։
Մերձավոր Արևելքի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Հեմիշ Ֆալկոները հստակ հասկացրել է, որ դեսպանությունը «պետք է դադարեցնի շփման ցանկացած ձև, որը կարող է մեկնաբանվել որպես Մեծ Բրիտանիայում կամ միջազգային մակարդակով բռնության կոչ անող», ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի դեսպանությունն այս ամսվա սկզբին իր թելեգրամյան ալիքում հայտարարություն էր հրապարակել, որում Մեծ Բրիտանիայում գտնվող իրանցիներին կոչ էր արել կամավոր մասնակցելու իրենց երկրի պաշտպանության պատերազմում կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին հայտնելու արշավին։
Բրիտանական կառավարությունը չի հստակեցրել, թե սոցիալական ցանցերում դեսպանության որ մեկնաբանությունների մասին է խոսքը։ Բրիտանացի օրենսդիրները նախազգուշացրել են Իրանից Մեծ Բրիտանիային սպառնացող զգալի և լայնածավալ վտանգների մասին։
Կառավարությունն Իրանի դեսպանին կանչել էր նաև անցյալ ամիս, երբ Իրանի և Մեծ Բրիտանիայի երկքաղաքացիություն ունեցող անձին մեղադրանք էր առաջադրվել իրանական հետախուզական ծառայություններին օգնություն ցուցաբերելու կասկածանքով։




























