Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը դատի է տվել մարզական հագուստի եւ կոշիկի խոշոր արտադրող չինական Qiaodan Sports ընկերությանը` մեղադրելով նրան իր անունն անօրինական օգտագործելու համար:
Ընկերությունն իր առեւտրային ապրանքանիշն է դարձրել նրա անունը (չինական հիերոգլիֆի տեսքով), որն էլ հարուցել է բասկետբոլի աստղի զայրույթը:
Բացի դրանից, Qiaodan Sports-ն օգտագործում է նաեւ Մայքլի երեխաների անունները, ինչպես նաեւ նրա հռչակավոր «23» համարը, որի ներքո Ջորդանը փայլել է Chicago Bulls հավաքականում: Ըստ բասկետբոլիստի` նա դատի է տվել չինացիներին ոչ թե փողի համար, այլ հանուն սկզբունքի: Եթե մարզիկը հաղթի, նա ստացված գումարային փոխհատուցումը կուղարկի ՉԺՀ-ի բասկետբոլի զարգացմանը:
Սակայն փորձագետները կարծում են, որ Ջորդանի շանսերը տվյալ գործում մեծ չեն: Դատարանը կարող է նույնիսկ չընդունել հայցը վերանայման համար, քանի որ խոսքը գնում է հիերոգլիֆյան ապրանքանշանի մասին: Բացի դրանից, ապրանքանիշը պաշտոնապես գրանցվել է Չինաստանում, գրում է pravda.ru-ն:




























